Ճարպակալումը և դրա դեմ պայքարի բժշկական մեթոդները շարունակում են մնալ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնագետների ուշադրության կենտրոնում։
Ճարպակալման դեմ պայքարի հարցում համալսարանական հիվանդանոցը ցուցաբերում է մուլտիդիսցիպլինար մոտեցում, իսկ մեր մասնագետները մշտապես հետևում են ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին և զարգացման միտումներին։
Ընդհանուր վիրաբույժ, ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Անդրանիկ Ալեքսանյանը Բելգիայի Բրյուգե քաղաքում՝ AZ Sint-Jan Brugge հիվանդանոցում, մասնակցել է բարիատրիկ վիրաբուժության մաստեր-կլասի, որը կազմակերպվել էր Ezisurg կազմակերպության կողմից։
Մաստեր-կլասը վարում էր բարիատրիկ վիրաբուժության միջազգային էքսպերտ, պրոֆեսոր Բրունո Դիլեմանսը։ Պրոֆեսորը ներկայացրել է ճարպակալման բուժման նորագույն մոտեցումները և վիրահատական բուժման առանձնահատկությունները։
Անդրանիկ Ալեքսանյանի խոսքով՝ պրոֆեսոր Դիլեմանսը Եվրոպայի լավագույն բարիատրիկ վիրաբույժներից մեկն է, որի ղեկավարած կենտրոնում բուժվում են ոչ միայն առաջնային հիվանդներ, այլև մեծ թվով պացիենտներ, որոնք ենթարկվում են կրկնակի վիրահատությունների։
«Պրոֆեսորը հիմնականում նախընտրում է կատարել gastric bypass վիրահատությունը։ Հենց այդ մեթոդին էլ ծանոթացել եմ և նման վիրահատությունների մասնակցել։ Առաջիկայում այս մեթոդով վիրահատություններ կիրականացվեն նաև համալսարանական հիվանդանոցում»,– նշում է ընդհանուր վիրաբույժը։
Նշենք, որ ճարպակալումը 21-րդ դարի հիվանդություն է և հաճախ հանգեցնում է մի շարք օրգան-համակարգերի խանգարումների՝ էնդոկրին, սիրտ-անոթային։ Բարիատրիկ վիրահատությունը ճարպակալման բուժման ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է, որը նպաստում է կայուն քաշի նվազմանը և կյանքի որակի բարելավմանը։
.png)